Արատներով երեխա էր, մայրը տուն չտարավ ծննդատնից…Գյումրիում մահացած 2-ամյա տղան արատներով էր ծնվել, ծնողները թողել էին ծննդատանը. մանրամասներ

Գյումրիի «Երեխաների տուն» կենտրոնում 2 տարեկան երեխա է մահացել։ Խնամքի կենտրոնում մահացած Ա.Գ.-ն առողջական խնդիրներով է ծնվել։.

«Երեխան բարդ խնդիրներով էր ծնվել՝ գայլի երախով, ճակատի հատվածում խնդիր կար։ Արատներով երեխա էր, մայրը տուն չտարավ ծննդատնից»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց բուժաշխատողներից մեկը, ով անձամբ է տեսել, թե ինչպես է մայրը հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող երեխայից։

Երեխան ազգությամբ հայ է, պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին ծննդատնից։

Երեխայի մահվան դեպքը եղել է օգոստոսի 2-ին, մահվանից մեկ շաբաթ հետո պետական կառույցները հաստատել են դեպքը։

2-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ Շիրակի մարզի քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել։

«Երեխայի վրա արտաքին զննությամբ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, զննվել է դեպքի վայրը, առգրավվել են բժշկական փաստաթղթեր, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարցաքննվել են «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց հատկապես կարևոր գործերով քննիչ Միշա Բիշարյանը։

Քննչական կոմիտեից էլ Oragir.News-ին տեղեկացրին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառները պարզելու նպատակով։

Նախաքննությունը դեռ շարունակվում է։

Իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *